- Զբոսավարը իր ծառայությունները մատուցելիս պետք է զերծ մնա պրոպագանդայից, նախապաշարմունքներից և սեփական կարծիքը պարտադրելուց, ներկայացնի միայն հավաստի, փաստագրված, ճշգրիտ տեղեկատվություն հյուրընկալ երկրի մասին (բացառություն են գիտական, պատմական վարկածները, գրական պատումները, լեգենդները կամ այլ ավանդապատումներ)։
- Զբոսավարը պետք է հետևի շրջակա միջավայրի անվտանգության և պահպանության կանոններին՝ ուղղորդելով նաև զբոսաշրջիկներին։
- Զբոսավարը պետք է հետևի հատուկ պահպանության տարածքներում գործող նորմերին և կանոններին՝ ուղղորդելով նաև զբոսաշրջիկներին։
- Զբոսավարը պետք է հարգանք ցուցաբերի այն երկրի նկատմամբ (խորհրդանիշերի, օրենքների, հասարակական և բարոյական նորմերի, ավանդույթների և սովորույթների), որտեղ իրականացնում է իր ծառայությունները։
- Մինչև ծառայություններ մատուցելը զբոսավարը պետք է տիրապետի զբոսաշրջիկների տվյալ խմբի հետ հաղորդակցման առանձնահատկություններին (պայմանավորված էթնիկ, կրոնական կամ այլ գործոններով)։
- Զբոսավարը պետք է ցուցաբերի ուշադիր, հարգալից և ոչ խտրական վերաբերմունք զբոսաշրջիկների նկատմամբ։
- Զբոսավարը պետք է ցուցաբերի կրոնական և քաղաքական զսպվածություն զբոսաշրջիկներին սպասարկելու ընթացքում։
- Զբոսավարը պետք է զերծ մնա զբոսաշրջիկներին իր մասնավոր, ընտանեկան կամ անձնական կյանքը անհարկի ներկայացնելուց։
- Զբոսավարը զբոսաշրջիկների ծառայություններ մատուցելու համար պետք է ներկայանա համապատասխան հագուստով, կոկիկ, մաքուր, չչարաշահի զարդերը, նախատեսված լինելու դեպքում պետք է կրի Պատվիրատուի կողմից սահմանված համազգեստը։
- Զբոսավարը առանց Պատվիրատուի հետ համաձայնեցնելու իրավունք չունի փոխելու զբոսաշրջային ծրագիրը կամ երթուղին նույնիսկ զբոսաշրջիկների պահանջի դեպքում։
- Զբոսավարը պետք է ժամանակին Պատվիրատուին տեղեկացնի էքսկուրսիայի կամ զբոսաշրջային ծրագրի ընթացքում առաջացած խնդիրների մասին, որոնք կարող են բացասաբար ազդել զբոսաշրջային ծառայությունների որակի վրա կամ վտանգել զբոսաշրջիկների անվտանգությունը։
- Զբոսավարը զբոսաշրջիկների նկատմամբ այլ անձանց կողմից ոտնձգությունների, իրավունքների խախտման, նրանց իրերի կորստի դեպքում պետք է անհապաղ տեղեկացնի Պատվիրատուին և իրավապահ մարմիններին։
- Զբոսավարը պետք է զերծ մնա այնպիսի գործողությունների կատարումից, որոնք վնաս են հասցնում Պատվիրատուի պատվին, գործարար համբավին կամ հեղինակությանը։
- Զբոսավարը չպետք է օգտագործի Պատվիրատուի անունը անձնական կամ այլ նպատակներով՝ առանց վերջինիս հետ համաձայնեցնելու։
- Զբոսավարը իրավունք չունի Պատվիրատուի զբոսաշրջիկներին վաճառել իրեր կամ ծառայություններ, որոնք ներառված չեն էսկուրսիոն ծրագրի կամ զբոսաշրջային փաթեթի մեջ, կամ պահանջել թեյավճարներ։
- Զբոսավար պետք է լսի, գրառի և հաշվի առնի զբոսաշրջային երթուղու ընթացքում զբոսաշրջիկների կողմից արված բողոքները, դիտարկումները կամ մեկնաբանությունները։
- Զբոսավարը պետք է զբոսաշրջիկներին նախազգուշացնի Պատվիրատուի կողմից որդեգրած պատասխանատու տուրիզմի կանոնների մասին։
- Զբոսավարը պետք է զերծ մնա ծառայություններ մատուցելի օգտագործել ծխախոտ կամ ալկոհոլային խմիչքներ:
- Զբոսաշրջիկներին սպասարկելիս զբոսավարը պետք է զերծ մնա օգտագործել սլենգ, ժարգոնային արտահայտություններ, վիրավորանք կամ հայհոյանք (բացառությամբ այն դեպքերի, եթե զբոսավարը ստիպված է զբոսաշրջիկների հարցուփորձի շրջանակներում տալ մեկնաբանություններ կամ բացատրությաններ տեղական խոսքի առանձնահատկությունների վերաբերյալ):
- Զբոսավարը պետք է պահպանի կարգապահություն, ճշտապահություն և բարեխղճություն։
- Զբոսավարը պետք է ներկայացնի տեղեկատվություն կամ կազմի համառոտ արձանագրություն յուրաքանչյուր էքսկուրսիայի կամ զբոսաշրջային ծրագրի ավարտից հետո։
Սույն կանոնները մշակված են «Բրայթ Տուր» ընկերության կողմից՝ հիմնված զբոսավարների համար միջազգայնորեն ընդունված էթիկայի կանոններին համաձայն: