Զբոսաշրջության կոմիտեն և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային ծրագրով 2023-2024 թթ. Դվին մայրաքաղաքի հնավայրի հարակից տարածքում նախատեսում են կառուցել թանգարան և հնագիտական հանգրվան։ Այդ նպատակով մեկնարկել է «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց-թանգարանի այդ հատվածի հետախուզական պեղումների 2 փուլը:
Դվինը Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքն է, որի ավերակները գտնվում են Արարատի մարզի Արտաշատ քաղաքի հարևանությամբ: Քաղաքի տարածքը եղել է մոտ 400 հա: 470-ական թվականներից սկսած քաղաքը համարվել է հայոց հոգևոր կենտրոնը։
Ք.ա. VIII դ. Դվինը ենթարկվել է հարձակման՝ Արարատյան դաշտ ներխուժած ուրարտացիների կողմից, իսկ Հռոմեական զորավար Կուրբուլունի արևելյան արշավանքների ժամանակ (58-59 թթ.), հրդեհվել։ IV դ. 30-ական թվականներին հայոց Խոսրով Կոտակ Արշակունի թագավորն այն հռչակեց արքունական նստավայր՝ Ոստան Հայոց: 481 թ. տանուտեր Սահակ Բագրատունին Դվինը հայտարարեց մարզպանական Հայաստանի մայրաքաղաք: VII դ. արաբները գրավեցին Դվինը և ստեղծեցին «Արմենիա» ոստիկանություն, իսկ մայրաքաղաք Դվինը դարձավ «Արմենիայի» կենտրոն։ 930 թ. հայոց Աբաս Բագրատունի թագավորը մայրաքաղաքը Դվինից տեղափոխեց Շիրակ՝ Կարս:
Դվինի հնագիտական ուսումնասիրությունները սկսվել են Նիկողայոս Մառից, ով 1899 թ. մասնակի պեղումներ է կատարել միջնաբերդում:
1936 թ. Սովետական Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունում իրականացնել Դվինի հնագիտական ուսումնասիրությունը և 1937-1939 թթ. արշավախումբը գլխավորել է Նիկողայոս Մառի աշակերտ, պ.գ.դ. Սմբատ Տեր-Ավետիսյանը: Այնուհետև մինչև 2010 թվականը Դվինում հնագիտական պեղումներով զբաղվել են մի քանի արշավախմբեր՝ ուսումնասիրելով Դվինի եզակի պաշտպանմունքային և աշխարհիկ մոնումենտալ կառույցները։