Տուրիստական շուկայում հաճախ հանդիպում են մի քանի օրվա կամ ամսվա կյանք ունեցող անհատներ կամ կազմակերպություններ, որոնք նպատակ ունեն խարդախությամբ և խաբեությամբ արագ փող աշխատել՝ հատկապես հանգստի ակտիվ սեզոններին։ Ներկայացնենք տասը հուշում, թե ինչպես ճանաչել և զգուշանալ խաբեությունից․
- Ճշտեք, թե ձեզ ծառայություն առաջարկող անձը, ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջը որ տուրիստական ընկերությունն է ներկայացնում։
- Ստուգեք, արդյոք գոյություն ունի նման ընկերություն, օրինական գրանցված է, թե՝ ոչ։ Կարող եք ստուգել https://www.e-register.am/am/ իրավաբանական անձանց գրանցման հարթակում՝ “Որոնում” դաշտում՝ նշելով կազմակերպության անունը և տեսակը (ՍՊԸ, ԱՁ, ՓԲԸ, կամ այլ):
- Միշտ ճշտեք գրասենյակի հասցեն և անձամբ այցելեք՝ ստուգելու դրա գոյությունը և աշխատանքի պայմանները: Ստուգեք՝ արդյոք գրասենյակի պատին տեսանելի հատվածում փակցված են իրավաբանական անձի տվյալները։ Շատ հաճախ ձեզ հետ կապ հաստատող անձինք գործում են միայն օնլայն և չունեն օրենքով սահմանված տարածք հաճախորդին ընդունելու համար։
- Մի սահմանափակվեք միայն սոցցանցերով և փորձեք հավաքել լրացուցիչ տեղեկատվություն այդ ընկերության մասին որոնողական համակարգերում՝ օրինակ Google արեք։
- Տվեք լրացուցիչ հարցեր ընկերության աշխատողին՝ հասկանալու արդյոք վերջինս կոմպետենտ է ձեզ սպասարկելու, թե՝ ոչ։
- Զգուշացեք գայթակղիչ “Թեժ” կամ “վառվող” տուրեր ներկայացնող առաջարկներից, որոնք շատ են օգտագործվում գովազդներում։ Դրանք կարող են խայծ լինել ձեզ գայթակղելու համար, բայց պարզվի, որ այդպիսի առաջարկը անպետք է նորմալ և լավ հանգստի համար։
- Զգուշացեք անհավանական կամ շատ ցածր գին առաջարկող փաթեթներից․ սովորաբար այսպիսի փաթեթներում ծառայություններից առնվազն մեկը՝ օրինակ հյուրանոցը չի բավարարում կեցության հարմարավետ և նույնիսկ նվազագույն պայմաններին։
- Հրաժարվեք ծառայություններից, եթե խուսափում են ձեզ հետ կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր․ այդպիսով անձը կամ կազմակերպությունը խուսափում է պատասխանատվությունից և ձեզ զրկում է հետագայում խնդիրներ առաջանալու դեպքում ձեր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից։
- Անպայման պահանջեք ձեր գնած ծառայությունների փաստաթղթերը՝ ավիատոմսերի, հյուրանոցների տրանսֆերի էքսկուրսիաների մասին տեղեկատվություն պարունակող վաուչերները կամ հաստատումները։
- Տուրիստական ընկերությունը պետք է պատրաստակամ լինի ձեզ տրամադրել կոնտակտային տվյալներ, որպեսզի ճամփորդության ժամանակ անհրաժեշտության դեպքում կապ հաստատեք տուրօպերատորի կամ տուրգործակալի հետ։