Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունած (ընդունվել է 301 թվականին՝ Հռոմից դեռեւս 79 տարի առաջ) հայերը հնագույն ժողովուրդ են Առաջավոր Ասիայում, որոնք դարերի ընթացքում ստեղծել են իրենց քաղաքակրթությանը յուրահատուկ մշակույթ, ճարտարապետություն, ավանդույթներ և ապրելակերպ։
Հայաստանին սահմանակցում են հյուսիսում՝ Վրաստանը, Արևելքում` Ադրբեջանը, Հարավում՝ Իրանը և Արևմուտքում` Թուրքիան։ Տարածքը փոքր է՝ ընդամենը 29743 քառ․ կմ։ Պետական լեզուն հայերենն է: Հայաստանի բնակչության 98,1% հայեր են, 1,2% եզդիներ են, 0,4% ռուսներ են, 0,3%-ը՝ հույներ և ասորիներ։
Հայաստանը արևաշատ է․ ունի տարվա չորս եղանակ՝ տաք և անձրևոտ գարուն, շոգ ամառ, բազմագույն աշուն և արևոտ ձմեռ։ Հայաստանը ծով չունի, բայց ունի Սևանա լիճ, որը երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Հայաստանում առկա է Եվրոպայի թռչունների 530 տեսակներից 345-ը։ Հայաստանում հաշվարկված են 339 էնդեմիկ կենդանիներ։
Հայաստանը անվանում են եկեղեցիների երկիր։ Այստեղ կարող եք բացահայտել նաև հնագույն քաղաքներ, անառիկ բերդեր և նախապատմական մեգալիթյան կառույցներ, ինչպես Քարահունջը, որը ճանաչվել է որպես հնագույն աստղադիտարան։ Լեռնային Հայաստանում կգտնեք մեռած քաղաքներ, որոնցից մեկը՝ Հին Խոտ գյուղատեղին կոչվում է հայկական «Մաչու-Պիկչու»։
Հայաստանում հնագետները հայտնաբերել են շուրջ 5,500 տարվա հնության կաշվե ոտնամանը, որը աշխարհում գտնված կաշվե ամենահին կոշիկն է։
Յուրօրինակ ճարտարապետական ոճ ունեցող եկեղեցիներից և վանքերից բացի միայն Հայաստանում դուք կարող եք տեսնել 50 000 ձեռատաշ խաչքարեր, որոնք հիմնականում ստեղծվում են հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է Արևի (Հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Հայկական խաչքարը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցված են Սուրբ Գեղարդի վանքը, որտեղ XIII դ. կեսից պահվել է սուրբ Գեղարդը՝ Քրիստոսի կողը խոցած նիզակի երկաթե ծայրը, որը, ըստ ավանդության, Հայաստան է բերել Թադեոս առաքյալը։ Ցանկում են նաև Հաղպատի վանական համալիրը և Հայաստանի հոգևոր մայրաքաղաքի Էջմիածնի մայր տաճարը, որն աշխարոհում կառուցված առաջին եկեղեցին է (IV դար)։
Ոչ նյութական ժառանգության ցանկում են դուդուկ երաժշտական գործիքը, որը պատրաստվում է ծիրանենուց։ Հայաստանը ծիրանի երկիրն է և այս միրգը անվանում են “հայկական խնձոր”։
Հայկական Սասունցի Դավիթ էպոսը, Հայաստանի հացը՝ լավաշը, ավանդական պարը՝ քոչարին և մատենագրությունը ևս գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական ժառանգության ցանկում։
Տաթևի վանական համալիրում գտնվում է Տաթևի ճոպանուղին, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկարը (5752 մ):
Հայաստանը շախմատային երկիր է։ Այստեղ շախմատ խաղում են միջնադարից սկսած, իսկ այժմ շախմատը դասավանդվում է հանրակրթական դպրոցներում որպես պարտադիր առարկա։ Հայաստանն աշխարհում մեկ շնչի հաշվով ամենաշատ շախմատի գրոսմայստերներ ունեցող երկրներից է։
Հայաստանը հայտնի է իր ցայտաղբյուրներով։ Այն քաղաքի փողոցներում հազվադեպ հանդիպող հուշարձան աղբյուր է, որից անցորդները բնական ջուր են խմում և հագեցնում իրենց ծարավը։
Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որի հիմնադրումը թվագրվում է մթ․ա 782 թվական և 29 տարով ավելի հին է, քան Հռոմը։ Երևանում է գտնվում հնագույն ձեռագիր մատյանների և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը՝ Մատենադարանը:
Կոնյակագործությունն ու գինեգործությունը Հայաստանում ունեն պատմական խորը արմատներ։ Հնագույն ձեռագրերն ապացուցում են, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գինեգործությամբ և խաղողագործությամբ զբաղվելն ունի 6000 տարվա պատմություն։ Կոնյակագործությունը Հայաստանում սկիզբ է առել 1887 թվականին։
Հայկական խոհանոցը համարվում է Ասիայի ամենահին խոհանոցներից մեկը և առանձնահատուկ է ուտելի բույսերի բազմազանությամբ: Հայաստանը հյուրընկալ երկիր է, հայերը՝ ջերմ և հյուրասեր։
Բացահայտեք Հայաստանը սեփական փորձով